Դրամա Լոնդոնում. Լիվերպուլը 11-մետրանոցներով հաղթեց Չելսիին` դառնալով Անգլիայի գավաթակիր🎥
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»։
Առաջին կեսն անցավ բավական դինամիկ և համառ պայքարում. երկու ակումբներն էլ ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն չկարողացան բացել խաղի հաշիվը։
Հատկապես հիշատակման են արժանի Լուիշ Դիասի («Լիվերպուլ») և Մարկոս Ալոնսոյի («Չելսի») դրվագները, երբ նրանց հարվածներից հետո իրենց թիմերին փրկեցին դարպասապահները։
Աչքի ընկնելու հիանալի պահ ուներ նաև «ազնվականների» վինգեր Քրիստիան Պուլիշիչը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, առաջին կեսի ամենահիշարժան դրվագը գրանցվեց 33-րդ րոպեին, երբ մերսիսայդյան ակումբի վինգեր Մոհամեդ Սալահը վնասվածք ստացավ ու փոխարինվեց։
Երկրորդ խաղակեսի մեծ մասը, գործնականում անցավ Յուրգեն Կլոպի սաների խաղային առավելության պայմաններում։
Հատկապես խաղավերջում «Լիվերը» շատ մոտ էր հաղթանակ կորզելուն, սակայն նախ 83-րդ րոպեին դարպասաձողին հարվածեց Լուիշ Դիասը, ապա 85-րդ րոպեին` Էնդրյու Ռոբերտսոնը։
Ի վերջո, հանդիպման հիմնական ժամանակում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, որը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակում Թոմաս Տուխելի թիմն ուներ տարածքային առավելություն, սակայն լոնդոնյան ակումբին չէր հերիքում սրությունը, իսկ «կարմիրների» մոտ արդեն զգացնել տվեց հոգնածությունը։
Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 0:0 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։
11-մետրանոցներն ավելի դիպուկ իրացրին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները` պատմության մեջ 8-րդ անգամ դառնալով Անգլիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Թոմաս ՏՈւխել, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Չելսի