Պաշտոնական. Բորուսիան խոշոր տրանսֆեր իրականացրեց
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենին։
«Իշամեղուները» 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերի դիմաց Էյնդովենը ներկակացնող ակումբին վճարել են 30 մլն եվրո։
Հատկանշական է, որ այս տրանսֆերը դարձել է դորտմունդյան ակումբի երրորդ ամենաթանկարժեք ձեռքբերումը։
Մինչ այս պահը «Բորուսիայի» իրականացրած ամենաթանկարժեք տրանսֆերները Ուսման Դեմբելեի և Մաթս Հումելսի գործարքներն են, որոնց դիմաց ակումբը «Ռենին» ու «Բավարիային» վճարել է համապատասխանաբար 35 ու 30.5 մլն եվրո։
Հավելենք, որ Դոնիել Մալենը ՊՍՎ-ում հանդես էր գալիս 2018 թվականից և ակումբի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 55 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Մալենը նաև Հոլանդիայի հավաքականի անդամ է, որի կազմում վերջերս մասնակցեց Եվրո-2020-ին` դաշտ դուրս գալով «նարնջագույնների» բոլոր 4 խաղերում։ Այդ ընթացքում նա կատարեց 2 գոլային փոխանցում։
Երիտասարդ հարձակվողն ընդհանուր առմամբ «նարնջագույնների» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Դոնիել Մալեն, ԵՎՐՈ-2020, Հոլանդիայի հավաքական, Մաթս Հումելս, Ուսման-Դեմբելե, ՊՍՎ, տրանսֆերներ