ՖԱՆՏԱՍՏԻԿԱ!!! Դինամոն հրաշք գործեց՝ Տոտենհեմին թողնելով ձեռնունայն🎥

ՖԱՆՏԱՍՏԻԿԱ!!! Դինամոն հրաշք գործեց՝ Տոտենհեմին թողնելով ձեռնունայն🎥

19/03/2021 - 00:23

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Դինամո Զագրեբը» «Մաքսիմիր» մարզադաշտում ընդունեց «Տոտենհեմին»։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Լոնդոնում կայացած խաղում «Տոտենհեմը» Հարի Քեյնի դուբլի շնորհիվ հաղթել է 2։0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա «Դինամոյի» ֆուտբոլիստները հասկանում էին, որ այլևս կորցնելու որևէ բան չունեն և խաղի հենց մեկնարկից նետվեցին առաջ՝ կորցրածը հետ բերելու։

Ճիշտ է՝ առաջին կեսում լոնդոնյան ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին (67%), սակայն տանտերերն ավելի սուր էին գրոհում և ավելի շատ հարվածներ կատարեցին «շնաձկների» դարպասի ուղղությամբ (8 հարված, 1-ը՝ դիպուկ):

Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ կեսում տարածքային առավելության առումով հակառակ պատկերն էր, քանի որ խորվաթական ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին և ավելի վստահ տեսք ուներ, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ 62-րդ րոպեին Դամիր Կրժնարի թիմը Միսլավ Օրիշիչի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

74-րդ րոպեին հյուրերը կարող էին վերջ դնել այս դիմակայության ինտրիգին, սակայն Լուկաս Մոուրիայի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

«Դինամո Զագրեբի» ֆուտբոլիստները խփած գոլից հետո արդեն զգում էին, որ կարող են բեկել դիմակայության ընթացքը և 83-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեցին Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը, որն իր անվան դիմաց կրկին գրանցեց Միսլավ Օրշիչը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Տանտերերին հաջողվեց հավասարեցնել դիմակայության ընդհանուր հաշիվը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ առաջին խաղակեսն անցավ հանգիստ և հավասար պայքարում, իսկ կողմերը գոլեր չխփեցին, սակայն երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 106-րդ րոպեին, «Դինամոյի» ֆուտբոլիստները, պարզապես, արեցին անհնարինը՝ խփելով նաև 3-րդ գնդակը։

Հերթական անգամ հերոսացավ 28-ամյա վինգեր Միսլավ Օրշիչը, ով ոչ միայն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, այլև դիմակայության ընդհանուր հաշիվը դարձրեց արդեն 3։2։

Բաց թողած երրորդ գոլը կարծես լրիվ թևաթափ արեց ու կոտրեց Ժոզե Մոուրինիոյի թիմին, որի ֆուտբոլիստները, այդպես էլ ուշքի չգալով, չկարողացան որևէ բան առաջարկել մրցակցին։

Այսպիսով, «Դինամո Զագրեբը» 3։0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»՝ կատարելով ֆանտաստիկ comeback: Խորվաթական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3։2 հաշվով և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում։


Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022