Դեշամը հաստատեց, որ հեռանալու է Ֆրանսիայի հավաքականից
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամը պաշտոնապես հաստատել է, որ աշխարհի 2026 թ. առաջնությունից հետո լքելու է պաշտոնը։
«Այստեղ չեմ հայտարարություններ անելու համար, բայց դա լինելու է 2026 թվականին։
Հավաքականը մարզում եմ 2012 թվականից, իսկ գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. աշխարհի առաջնությունից հետո, իսկ դրանից հետո` վերջ։ Ինչ-որ պահի պետք է ավարտել։ Իմ գլխում հստակ որոշում է ծագել։
Ես իմ աշխատանքն իրականացնում եմ մշտական ցանկությամբ և եռանդով, որպեսզի Ֆրանսիայի հավաքականը պահպանի ամենաբարձր մակարդակը, բայց 2026 թ. ամենալավ պահն է բաժանվելու համար։
Երբեք չես ցանկանում դադարեցնել համագործակցությունը, երբ ամեն ինչ գեղեցիկ է, բայց պետք է կարողանալ ասել «վերջ»։ Դրանից հետո կյանքը ցույց կտա, բայց չգիտեմ` ինչպես կզարգանան իրադարձությունները։
14 տարին երկար ժամանակահատված է։ Այստեղ չեմ եկել ռեկորդներ գրանցելու, հատկապես, որ հավաքականում պահանջները շատ բարձր են։ Ամենակարևորն այն է, որ հավաքականը միշտ բարձր մակարդակում է»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC-ն։
Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը Ֆրանսիայի հավաքականը մարզում է 2012 թ. հուլիսից։ Նրա գլխավորությամբ «եռագույնները» 165 խաղում տարել են 106 հաղթանակ, գրանցել 31 ոչ-ոքի, կրել 28 պարտություն։ Ֆրանսիացիները Դեշամի օրոք 2018 թ. դարձել են աշխարհի չեմպիոն, 2019 թ. հաղթել Ազգերի լիգայի խաղարկությունում, ինչպես նաև 2016 թ. խաղացել Եվրոպայի, իսկ 2022 թ. աշխարհի առաջնության եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ-2026, Ազգերի լիգա, Աշխարհի առաջնություն, Դիդիե Դեշամ, Եվրոպայի առաջնություն, Ֆրանսիայի հավաքական