Գրիզմանի քույրը կհանդիպի Բարսելոնայի ղեկավարության հետ
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի քույրը՝ Մոդ Գրիզմանը, ով նաև համարվում է ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը, մոտ օրերս կհանդիպի կատալոնական ակումբի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի ֆուտբոլիստի շուրջ ձևավորված իրավիճակը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ֆուտբոլիստը ցանկանում է հենց ղեկավարներից հասկանալ և իմանալ ակումբի դիրքորոշումը։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները մտադիր են գործել արագ, որպեսզի խուսափեն հետագա բարդություններից, քանի որ կարծում են, որ ֆուտբոլիստի կարգավիճակը «Բարսայում» կարող է ավելի վատթարանալ։
Գրիզմանը ցանկանում է նաև իմանալ, թե ակումբն ինչ ծրագրեր ունի իր հետ կապված։ Կայանալիք հանդիժման ժամանակ քննարկվելու է նաև ֆուտբոլիստի հավանական այլ ակումբ տեղափությունը, ինչը կատալոնական ակումբ տեղափոխվելիս չէր մտնում ֆրանսիացի ֆուտբոլիստի ծրագրերում։
Ֆուտբոլիստի շրջապատը մտադիր է «Բարսելոնային» հասկացնել և բացատրել, թե ինչ զգացողություններ ունի Անտուան Գրիզմանը։ Նա հասկանում է, որ իր՝ ակումբում հարմարվելը ավելի ծանր է ընթանում, քան սպասվում էր, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, Գրիզմանը մտադիր չէ հանձնվել։
Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենից, իսկ նրա քույրը ակումբի ղեկավարությանը կփոխանցի, որ իր եղբայրը երջանիկ չէ ստեղծված իրավիճակից։ Նա կարծում է, որ մարզիչը զոհաբերում է հենց իրեն, քանի որ նա ակումբի կազմում չունի մեծ հեղինակություն։
Բացի դրանից՝ Գրիզմանը իր հարազատներին և մտերիմներին խնդրել է իրենց կարծիքը չհանրայնացնեն, քանի որ այդ ամենը բացասական է անդրադառնում ֆուտբոլիստի հեղինակության վրա։ Ավելի վաղ Կիկե Սետիենի հանդեպ բացասական էին արտահայտվել ֆուտբոլիստի հայրն ու եղբայրը։
Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին՝ 120 մլն եվրոյի դիմաց․ մինչ այդ նա 5 տարի հանդես էր գալիս «Ատլետիկոյի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Ալեն Գրիզման, Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Թեո Գրիզման, Մոդ Գրիզման