Գվարդիոլան երկարաժամկետ փոխարինող է գտել Կևին դե Բրույնեի համար
«Մանչեսթեր Սիթին» սկսել է փոխարինող փնտրել Կևին դե Բրույնեի համար։
Բելգիացի կիսապաշտպանն այժմ ապաքինվում է մկանային ծանր վնասվածքից և մանկունյական ակումբում անհանգստացած են 32-ամյա ֆուտբոլիստի առողջական վիճակով։
«Քաղաքաբնակների» մարզչական և բժշկական շտաբը կարծում են, որ Դե Բրույնեի մոտ կարող են կրկնվել նման վնասվածքները, այդ պատճառով էլ ակումբն արդեն փոխարինող է փնտրում նրա համար։
Abendzeitung-ը հայտնում է, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Դե Բրույնեին փոխարինելու ամենահավանական թեկնածուն համարում է «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային։
Իսպանացի մասնագետը կարծում է, որ գերմանացի ֆուտբոլիստն առաջիկա 1-2 տարվա ընթացքում կդառնա աշխարհի լավագույն «10» համարներից մեկը։
Բացի այդ, Գվարդիոլան 20-ամյա կիսապաշտպանի հետ մտադիր է երկարաժամկետ ծրագրեր կազմել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուսիալայի անունը կապվում է նաև «Լիվերպուլի» ու «Ռեալ Մադրիդի» հետ, սակայն վերջինս դեռևս մտադիր չէ լքել «Բավարիայի» շարքերը, որի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։
Հավելենք, որ Ջամալ Մուսիալան անգլիական ակումբներում հանդես գալու փորձ ունի և 2011-19 թթ. եղել է «Չելսիի» մանկապատանեկան դպրոցի սան, որտեղից էլ 200 հազ. եվրոյի դիմաց տեղափոխվել է «Բավարիա»։
Վերջինս մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 135 հանդիպում` դառնալով 33 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Կևին դե Բրույնեին, ապա վերջինս «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 358 խաղում դառնալով 96 գոլի և 153 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջամալ Մուսիալա, տրանսֆերներ