Գերֆանտաստիկա!!! «Ֆուրիա ռոխան» թրիլլերային խաղում հաղթեց Խորվաթիային🎥
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ էին մեկնարկել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները, սակայն 16-րդ րոպեին, ինչպես ամպրոպ, անամպ երկնքում, Խորվաթիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը. Պեդրին դաշտի կենտրոնից հետ փոխանցում կատարեց դեպի դարպասապահ Ունայի Սիմոնը, ով անհասկանալի գործեց և բաց թողեց գնդակը դեպի սեփական դարպասը։
Գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց Պեդրիի անվան դիմաց։
Բաց թողած գոլը չընկճեց Լուիս Էնրիկեի սաներին, ովքեր շարունակում էին լուրջ ճնշում գործադրել Դոմինիկ Լիվակովիչի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ինչն էլ նպաստեց, որ 38-րդ րոպեին Պաբլո Սարաբիան խփեց պատասխան գնդակը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Հատկանշական է, որ Զլատկո Դալիչի սաները դարձել էին գոլի հեղինակ` մրցակցի դարպասին չկատարելով գեթ մեկ դիպուկ հարված։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ 57-րդ րոպեին Իսպանիայի հավաքականն արդեն հաշվի մեջ առաջ անցավ, իսկ գնդակն իր անվան դիմաց գրանցեց Սեզար Ասպիլիկուետան։
Խփած երկրորդ գոլից հետո «ֆուրիա ռոխան» մասամբ հանգստացրեց խաղը, սակայն 77-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. աչքի ընկավ Ֆերրան Տորեսը։
Թվում էր, թե վերջ Խորվաթիայի հավաքականն այլևս ոչ ժամանակ, ոչ էլ ուժ կունենա խաղը փրկելու, սակայն դա նրանց հաջողվեց։
Նախ 85-րդ րոպեին Միսլավ Օրշիչը կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 90+2-րդ րոպեին Մարիո Պաշալիչը հավասարեցրեց այն։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջին խաղակեսում Իսպանիայի հավաքականն ապացուցեց իր բարձր կարգը. 100-րդ ու 103-րդ րոպեներին մեկական անգամ աչքի ընկան համապատասխանաբար Ալվարո Մորատան ու Միկել Օյարսաբալը, իսկ հաշիվը դարձավ 5:3։
Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, և Իսպանիայի հավաքականը գերթրիլլերային խաղում 5:3 հաշվով հաղթեց Խորվաթիային` նվաճելով Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am