«Բարսելոնան» փորձում է ձեռք բերել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստին
«Օսասունայի» վինգեր Վիկտոր Մունյոսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։
22-ամյա ֆուտբոլիստի ու Պամպլոնան ներկայացնող ակումբի միջև գործող պայմանագրով նրա հրաժարագինը 40 միլիոն եվրո է, բայց ֆինանսական խնդիրների պատճառով «բլաուգրանան» կփորձի նվազեցնել գումարի չափը։
Մունյոսին «Բարսելոնա» տեղափոխվել փորձում են համոզել նաև Իսպանիայի ազգային հավաքականում կատալոնական գրանդի ֆուտբոլիստները։
Երիտասարդ եզրայինը վերջերս նորամուտը նշեց «ֆուրիա ռոխայի» կազմում` գրավելով Սերբիայի դարպասը։
Մունյոսը 2021-2025 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ «Արքայական» ակումբը 8 միլիոն եվրոյով իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու իրավունք ունի։ Մադրիդյան գրանդը նաև 50 տոկոս կստանա վինգերի հաջորդ տրանսֆերից։
Եզրային կիսապաշտպանը «լոս բլանկոսի» երիտասարդական թիմում` «Կաստիլիայում» 63 խաղում խփել է 13 գոլ, կատարել 7 ասիստ։ Նա նաև 4 հանդիպման է մասնակցել «Ռեալի» հիմնական թիմում։
Մունյոսը 2014-17 թվականներին խաղացել է նաև «Բարսելոնայի» մարզադպրոցում` «Լա Մասիայում»։ Նա «Օսասունա» է տեղափոխվել 2025թ. հուլիսին, 31 խաղում գրանցել է 6 գոլ ու 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Վիկտոր Մունյոս, տրանսֆերներ