Բարսելոնան հիասքանչ տեսք ուներ. Խավիի թիմը հաղթեց Ատլետիկոյին🎥
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոու Կամպ» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնան» մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Հանդիպումը բավական բուռն մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 10-րդ րոպեին կողմերը փոխանակվել էին խփած մեկական գնդակով։
Նախ 8-րդ րոպեին «Ատլետիկոյին» առաջ մղեց Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, ապա 10-րդ րոպեին Դանի Ալվեսի կատարած փոխանցումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ժորդի Ալբան, ով հավասարեց հաշիվը։
Հաշիվը հավասարեցնելուց հետո էլ կատալոնական ակումբը շատ ավելի լավ տեսք ուներ ու նախքան ընդմիջման գնալը ևս երկու գնդակ ուղարկեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը. 21-րդ ու 43-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Գավին ու Ռոնալդ Արաուխոն։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 49-րդ րոպեին «հնդկացիները» ստիպված էին ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Դանի Ալվեսը, իսկ «Նոու Կամպ» մարզադաշտի լուսատախտակին վառվեց 4:1 հաշիվը։
Նշենք, որ բրազիլացի վետերան ֆուտբոլիսը «Բարսելոնա» մարզադաշտ վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը։
58-րդ րոպեին Դիեգո Սիմեոնեի սաները Լուիս Սուարեսի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին, իսկ 69-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտով պատժվեց Դանի Ալվեսը։
Նույնսիկ քանակական առավելության պայմաններում հյուրերն այլևս ոչինչ չկարողացան առաջարկել «Բարսային»։
Ինչպես պարզվեց հետագայում, Սուարեսի գոլն այս խաղում վերջինն էր. «Բարսելոնան» հաղթեց 4:2 հաշվով։
Այս հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 38 միավոր, շրջանցեց հենց «Ատլետիկո Մադրիդին»` բարձրանալով 4-րդ հորիզոնական, իսկ «հնդկացիները» նահանջեցին 5-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Գավի, Դանի Ալվես, Դիեգո-Սիմեոնե, Ժորդի Ալբա, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Խավի, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Ռոնալդ Արաուխո