Բավարիան մենաշնորհ է հաստատում Der Klassiker-ում🎥
Ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը կայացավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդն» ընդունեց «Բավարիային»:
Առաջ ընկնելով՝ նշենք, որ մյունխենյան ակումբը 2։3 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ հավերժ մրցակցի նկատմամբ։
Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլով փոխանակվեցին․ նախ 45-րդ րոպեին «իշամեղուներին» առաջ մղեց թիմի ավագ Մարկո Ռոյսը, իսկ 45+4-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Դավիդ Ալաբան՝ տուգանայինի խաղարկումից հետո դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց Հանսի Ֆլիկի սաների խփած գոլով․ 49-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ 80-րդ րոպեին իր թիմի առավելությունն էլ ավելի մեծացրեց Լերոյ Սանեն։
Լուսիեն Ֆավրի թիմին հաջողվեց միայն հետ բերել մեկ գնդակ, երբ 83-րդ րոպեին Էրլինգ Հալանդը կրճատեց հաշվի տարբերությունը, ինչից հետո տանտերերն ավելին անել չկարողացան։
Հավելենք, որ «Բավարիան» Der Klassiker-ի շրջանակում տանում է 6-րդ անընդմեջ հաղթանակը։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 18 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բորուսիան» 15 միավորով 3-րդն է։ 2-րդ հորիզոնականը 16 միավորով զբաղեցնում է «Լայպցիգը»։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դավիդ Ալաբա, Էրլինգ Հալանդ, Լերոյ Սանե, Մարկո Ռոյս, Ռոբերտ-Լևանդովսկի