Ֆլիկ․ «Հարձակման գծում մեզ չէր բավականացնում վերջին հարվածը»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին, սակայն լքեց մրցաշարը, քանի որ սեփական հարկի տակ մեկ գնդակ ավել բաց թողեց, քան մրցակիցը, իսկ ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 3։3 հաշիվը։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է իր տպավորություններով․
«Հաշվի առնելով, որ առաջին խաղում (2։3) մենք բազմաթիվ պահեր չիրացրինք և մրցակցին չտվեցինք աչքի ընկնելու այդքան շատ հնարավորություններ՝ մենք այսօր կնվաճեինք կիսաեզրափակչի ուղեգիր, եթե այն ժամանակ բաց չթողնեինք երրորդ գնդակը։
Բոլորը տեսան, թե որքան վտանգավոր է ՊՍԺ-ն հարձակման գծում, սակայն, չնայած նույնիսկ այդ հանգամանքին, ես ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել իմ թիմին և, ինչպես պարտվել իմացող մարդ, շնորհավորել մրցակցին։
Սովորաբար իմ թիմը շատ հմուտ է գրոհում, սակայն այսօր մեզ չէր բավականացնում վերջին հարվածը։ Պետք է ընդունել կատարվածը, նույնիսկ եթե այլ արդյունքի հույս ունեինք»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Պարի Սեն-Ժերմենը» նվաճեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Բորուսիա Դորտմունդ» – «Մանչեսթեր Սիթի» զույգ հաղթողի դեմ․ այդ դիմակայության առաջին խաղում մանկունյական ակումբը սեփական հարկի տակ հաղթել է 2։1 հաշվով, իսկ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ