Բավարիայի հաղթարշավը շարունակվում է 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Հերտայի» դեմ և Կինգսլի Կոմանի միակ գնդակի շնորհիվ կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։
Ինչպես և սպասվում էր, Գերմանիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնն ուներ որոշակի տարածքային առավելություն, սակայն «Հերտան» նույնպես կարողանում էր վտանգավոր գրոհներով սպառնալ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասին։
Հանդիպման միակ և հաղթական գոլը խփվեց հանդիպման 21-րդ րոպեին։ Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո այն իր անվան դիմաց գրանցեց ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը։
Հատկանշական է, որ գոլից առաջ՝ խաղի 12-րդ րոպեին, 11-մետրանոց հարվածից չկարողացավ մրցակցի դարպասը գրավել Ռոբերտ Լևանդովսկին։ Նրա հարվածից հետո վերահաս գոլից փրկեց «Հերտայի» դարպասապահ Ռունե Յարշտայնը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չխփվեցին։ Գրանցվեց 0։1 հաշիվ։
Այս հաղթանակից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի սաները Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակած միավորների քանակը հասցրին 48-ի և վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Լայպցիգին» գերազանցելով 10 միավոր։
«Հերտան» մնաց նախապես վաստակած 17 միավորներով, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ նույքան միավոր ունի նաև վտանգավոր գոտում գտնվող «Արմինիան», որը միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում «Հերտային»։
Հավելենք, որ մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի շրջանակում տոնում է արդեն 5-րդ անընդմեջ հաղթանակը։
# Բավարիա, Բունդեսլիգա, Կինգլսի Կոման, Հանս-Դիտեր Ֆլիկ, Հերտա, Ռոբերտ-Լևանդովսկի