Արցախցի 11-ամյա Արմանի նամակը Լիոնել Մեսիին
«Լեռնային Արցախի» մանկապատանեկան թիմի դարպասապահ 11-ամյա Արման Վանյանը նամակ է գրել իր սիրելի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին, ում հարցրել է, թե ինչպե՞ս հաղթահարեց դժվարությունները մանկության ժամանակ ու դարձավ մեծ ու հայտնի ֆուտբոլիստ։ Այդ մասին տեղեկացնում է 1lurer.am-ը։
«Բարև, իմ շատ սիրելի ու հարգելի Լ. Մեսսի։Նամակ եմ գրում ու գտնվում եմ իմ տնից շատ հեռու։ Ես Արմանն եմ՝ փոքրիկ արցախցի, որը ապագայի համար ուներ ու ունի փայլուն նպատակներ։ Չորս տարի է, ինչ խաղում եմ ֆուտբոլ, դարպասապահ եմ։ Ապրում եմ այդ սպորտով, սիրում եմ «Բարսելոնա» թիմը, Ձեր խաղով հիացած եմ։ Հուսով եմ, որ մի օր երազանքս կիրականանա, ու մի օր կդառնամ Ձեզ պես սիրված ու հարգված։ Բայց… եղավ կռիվ ահավոր ու դաժան, հրթիռակոծություններ դպրոցների վրա, խաղաղ բնակիչների, զինվորների սպանություններ։ Ո՞նց կարող եմ անցնել իմ սիրելի ֆուտբոլին, երբ ջարդեցին, կոտրեցին այդ ահաբեկիչները։
Բայց իմ սերը մեծ է, Աստված մեզ կօգնի։
Հիմա ապրում եմ Երևանում, բայց չեմ կարողանում ֆուտբոլ խաղալ այս վիճակում։ Հիմա իմ թիմը, իմ ընկերները տարբեր վայրերում են, քանի որ պատերազմ է։ Գիտեմ, որ ձեր մանկությունը դժվար է անցել, դուք հիվանդ եք եղել, բայց հաղթահարել եք դա։ Հիմա ուզում եմ հարցնել՝ ո՞նց հաղթահարեցիք ու դարձաք մեծ ու հայտնի ֆուտբոլիստ։
Հույս ունեմ, որ ձեզ կտեսնեմ կամ թեկուզ ինձ նամակով կպատասխանեք։
Ձեզ շատ հարգող մի արցախցի։
Արման Վանյան, 11 տարեկան
դպրոց 7, 6ա դասարան
ք. Ստեփանակերտ
#Հաղթելուենք»։
# Արման Վանյան, Բարսելոնա, Լեո Մեսսի, Լեռնային-Արցախ