Արզումանյան. «Հայտնում եմ իմ վստահությունն ու աջակցությունը հավաքականի մարզչին»
Նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը սոցցանցերում գրառում է կատարել` հայտնելով, որ աջակցում է հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին.
«Մինչ կշարունակեմ ձեզ խոստացած իմ շարքը, կուզենամ խոսալ մեր Հավաքականի, ավելի կոնկրետ` մեր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի վերաբերյալ։
Մեր Հավաքականի մարզիչը կարծես իր որոշումների մեջ հայտնվել է միակ պատասխանատուի դերում։ Ես այժմ չեմ խոսի իր որոշումների բացարձակ ճշմարտացիության մասին։
Հայկական ֆուտբոլի իրողություններում Ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության կարեւորագույն բաղադրիչներից է ունենալ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարություն, որն ինքնին ենթադրում է մեծ հավատ ու վստահություն մարզչի հանդեպ։
Այս պահի դրությամբ Պետրակովը փորձում է լուծել կարճաժամկետ խնդիր՝ այն է հաղթել, եւ այդ ճանապարհին նա կայացնում է համապատասխան որոշումներ, որոնք ընդունվում են ոչ միանշանակ, եւ բոլոր հարվածներն ընդունում իր վրա միայնակ՝ առանց նկատելի աջակցության: Այս գործընթացը ինչպես միշտ տանում է մեզ ծանոթ եւ կրկնվող տեղ՝ նոր մարզչի փնտրտուք։
Ես հայտնում եմ իմ վստահությունն ու աջակցությունը Հավաքականի մարզչին, հարգանքով մոտենոմ իր որոշումներին՝ շատ լավ իմանալով, թե դա ինչքան կարեւոր է թիմի հաղթանակների համար»,- գրել է Արզումանյանը։
Հավելենք, որ Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի հավաքականի կազմում 75 խաղում խփել է 5 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Հայաստանի-հավաքական, Ռոբերտ Արզումանյան