Արարատի ֆուտբոլիստները կօգնեն Շիրակին Եվրոպա լիգայում
Ինչպես տեղեկանում ենք «Արարատի» մամուլի ծառայությունից, ակումբի ֆուտբոլիստները կօգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում։
Ակումբը Facebook-ի իր պաշտոնական էջում կատարել է հետևյալ գրառումը․
«Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում:
Նրանք վարձակալական հիմունքներով կարճ ժամկետով կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոպա լիգայի համար, ապա կվերադառնան «Արարատ»:
Հավելենք, որ ըստ խաղացանկի, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումն «Արարատն» անցկացելու է միայն սեպտեմբերի 11-ին և այս կարճատև տեղափոխությունը որևէ կերպ չի անդրադառնա առաջնության խաղերի վրա»։
Հիշեցնենք, որ «Շիրակը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հյուրընկալվելու է տեղի «Ստյաուային»։ Խաղը կկայանա օգոստոսի 27-ին։
# Արարատ, Դավիթ Մանոյան, Եվրոպա-լիգա, Էդգար Մալաքյան, Ժիրայր Մարգարյան, Կարեն Մուրադյան, Հրայր Մկոյան, Մարկո Պրլևիչ, Շիրակ, Ուրոշ Նենադովիչ, Ստյաուա, Վսևոլոդ Երմակով