Կապառոս․ «Ամենայն հարգանք տածելով Սոսիեդադի նկատմամբ՝ ցանականում եմ, որ հաղթի Ատլետիկը»
Այսօր՝ ապրիլի 3-ին, Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում վերջապես կկայանա Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն բասկյան երկու ակումբները՝ «Ատլետիկ Բիլբաոն» և «Ռեալ Սոսիդադը»։
Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։30-ին, որը ցուցադրվելու է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով։
Այս խաղը նախատեսված էր անցկացնել դեռևս նախորդ տարվա ապրիլին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն մի քանի անգամ անորոշ ժամանակով հետաձգվել էր։
Խաղից առաջ Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ հաջողություն մաղթելով «Ատլետիկին»․
«Ամենայն հարգանք տածելով այդպիսի հիասքանչ ակումբի նկատմամբ, ինչպիսին «Ռեալ Սոսիեդադն» է՝ իմ սիրտը ցանկանում է, որ այսօր հաղթի «Ատլետիկ Բիլբաոն»։
Որպես երկրպագու և ակումբի անդամ՝ ցանկանում եմ երջանիկ տեսնել այն մարդկանց, ովքեր ինձ տվել ու շարունակում են տալ այդքան սեր։ Առա՜ջ «Ատլետիկ»»,- գրել է 65-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսը 2007-2011 թթ․ եղել է «Ատլետիկ Բիլբաոյի» գլխավոր մարզիչը։ Բասկյան ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 187 հանդիպում, տարել է 71 հաղթանակ, 43 խաղ ավարտել ոչ-ոքի, իսկ 73 խաղում էլ պարտվել է՝ գնդակների 246։263 հարաբերակցությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Խոակին Կապարոս, կորոնավիրուս, Հայաստանի-հավաքական, Ռեալ-Սոսիեդադ