Ատլետիկոն իր ոճի մեջ էր․ «հնդկացիները» փորձում են վերականգնել սասանված հեղինակությունը🎥
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։
Առաջին խաղակեսում «դեղին սուզանավն» ավելի լավ տեքս ուներ և փորձում էր օգտվել մադրիդյան ակումբի ոչ այդքան վստահ խաղից։ Ունայի Էմերիի սաների գրոհները շատ ավելի վտանգավոր էին։ «Վիլյառեալն» ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն «Ատլետիկոյի»՝ առաջին կեսում ստեղծած միակ իրական գոլային պահն ավարտվեց գոլով․ 25-րդ րոպեին Ալֆրեդո Պեդրասան պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
35-րդ րոպեին հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ուներ «Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն։ Տուգանայինի խաղարկումից հետո Դանի Պարեխոն գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ խառնաշփոթ իրավիճակում Մորենոն հարվածեց, ինչից հետո «հնդկացիները» հրաշքով փրկվեցին վերահաս գոլից, քանի որ Յան Օբլակը միայն դարպասի գծի վրայից մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը։
Ամեն դեպքում, «Ատլետիկոն» նախքան ընդմիջման գնալը պահպանեց հաղթական հաշիվը։
Երկրորդ խաղակեսում էլ Դիեգո Սիմեոնեի սաները հանդիպման վերահսկողությունն արդեն պահում էին իրենց ձեռքում։ Ճիշտ է՝ տանտերերը գնդակին ավելի շատ էին տիրում, սակայն «Վիլյառեալի» գրոհներում չկար այն նույն սրությունն, ինչ առաջին կեսում։
«Մատրասայինները» 69-րդ րոպեին նաև կրկնապատկեցին իրենց ունեցած առավելությունը՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները, իսկ գոլի հեղինակ դարձավ Ժոաո Ֆելիշը։
Երկրորդ գոլն ընդհանրապես ընկճեց «Վիլյառեալի» ֆուտբոլիստներին, ովքեր խաղավարտին մոտ փորձեցին ինչ-որ կերպ ինտրիգ մտցնել խաղում, սակայն այդպես էլ չստացվեց։ Կարելի է հիշատակել միայն 82-րդ րոպեին Ալեխանդրո Բաենայի հարվածը, ինչից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։
Ամեն դեպքում, «հնդկացիները» պահպանեցին երկու գնդակի առավելությունը՝ ընդհատելով անհաջող հանդիպումների շարքը։ «Ատլետիկոն» վերջին երեք պաշտոնական խաղերում կրել էր 2 պարտությունը, մեկ խաղ էլ գրանցվել էր ոչ-ոքի։ Պետք է նշենք նաև, որ Սիմեոնեի թիմը վերջին անգամ «չոր» հանդիպում անցկացրել էր գրեթե երկու ամիս առաջ, երբ հունվարի 13-ին 1-ին տուրից հետաձգված խաղում նույն 2։0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 58 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Բարսելոնային» գերազանցելով 5 միավոր։ Մադրիդյան ակումբը «Բարսայից» մեկ խաղ էլ պակաս է անցկացրել։
«Վիլյառեալը» 37 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆրեդո Պեդրասա, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Ժերար Մորենո, Ժոաո Ֆելիշ, Լա-լիգա, Յան Օբլակ, Ունայ-Էմերի, Վիլյառեալ