Ատլետիկոն շուտով կհայտարարի Լիոնի հարձակվողին ձեռք բերելու մասին
«Լիոնի» կենտրոնական հարձակվող Մուսա Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կդառնա «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մադրիդյան ակումբը Դեմբելեին դիտարկում է որպես վերջերս ակումբից հեռացած Դիեգո Կոստայի փոխարինող։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «հնդկացիները» վարձակալելու են ֆուտբոլիստին՝ հետագայում 33 մլն եվրոյի դիմաց խաղացողին գնելու իրավունքով։
Կողմերն արդեն համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը, իսկ մոտ օրերս նա կմեկնի Մադրիդ, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը։
Մուսա Դեմբելեի տեղափոխության մասին լուրերը հաստատել է նաև մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն․
«Գործարքը դեռևս վերջնական կայացած չէ, սակայն, այո՛, մենք նրա հետ պայմանագիր կնքելու շուրջ վերջնական բանակցություններ ենք վարում»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով իսպանացի լրագրող Դավիդ Վինուեսային։
Մուսա Դեմբելեն «Լիոնի» գույները պաշտպանում է 2018 թվականի օգոստոսից։ Այդ ժամանակ ֆրանսիական ակումբը խաղացողի դիմաց «Սելթիկին» վճարել է 22 մլն եվրո, իսկ մինչ այս պահը նա «Լիոնի» կազմում անցկացրել է 108 հանդիպում՝ դառնալով 45 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
# Ատլետիկո Մադրիդ, Լիոն, Մուսա Դեմբելե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո