ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը պատրաստ է գնել Բրեյթվեյթին
«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 30-ամյա հարձակվողը հայտնվել է Պրեմիեր լիգան ներկայացնող «Բրայթոնի» ուշադրության կենտրոնում, որը պատրաստ է այդ գործարքն իրականացնելու համար վճարել 15 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը նույնպես դեմ չէ բաժանվել Բրեյթվեյթից, քանի որ առաջին հերթին ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է նվազեցնել աշխատավարձի բյուջեն, բացի դրանից, «բլաուգրանասի» մարզչական շտաբը գոհ չէ նրա որակներից։
Հատկանշական է, որ «Բրայթոնը» իրեն կարող է թույլ տալ այդպիսի տրանսֆեր, քանի որ ակումբը շուտով 60 մլն եվրոյի դիմաց իր կենտրոնական պաշտպան Բեն Վայթին վաճառելու է «Արսենալին»։
Դանիացի ֆուտբոլիստին հետաքրքրում է Պրեմիեր լիգայում խաղալու տարբերակը։ Հաղորդվում է, որ Բրեյթվեյթին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Վեսթ Հեմն» ու «Վուլվերհեմպտոնը», սակայն «Բրայթոն» տեղափոխությունն ավելի իրատեսական է։
Նշենք նաև, որ Մարտին Բրեյթվեյթն Անգլիայում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ 2017 թ. հուլիսից մինչև 2019 թ. հունվար եղել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 40 հանդիպում` դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ դանիացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գույները պաշպտանում է 2020 թ. փետրվարի 20-ից և մինչ այժմ ակումբի կազմում դաշտ է դուրս եկել 53 անգամ` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բարսելոնա, Բրայթոն, Մարտին Բրեյթվեյթ, Միդլսբրո, Վեսթ Հեմ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ