Անգլիական գրանդը պատրաստ է պայմանագիր առաջարկել Ռամոսին
«Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանը կսկսի նոր ակումբում։
Ինչպես գիտեք, իսպանացի պաշտպանի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերի միջև ներկա պահին բանակցություններ չեն ընթանում։
Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Մանչեսթեր Սիթին»։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատում 35-ամյա պաշտպանի փորձն ու առաջատարի հատկանիշները։
Նշվում է, որ եթե, ի վերջո, Ռամոսը չերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ, մանկունյական ակումբը պատրաստ է նրան առաջարկել երկու տարվա պայմանագիր, որի հավարտից հետո իսպանացի ֆուտբոլիստը, կախված իր ֆիզիկական վիճակից, հնարավորություն կունենա որոշել կա՛մ կարիերան շարունակել «Սիթիի» կազմում կա՛մ էլ տեղափոխվել ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթի»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, ՄԼՍ, Նյու Յորք Սիթի, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ