Աղբյուր. «Մբապեն հունվարի 30-ին պայմանագիր է կնքել Ռեալի հետ»
Ինչպես տեղեկացնում է Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հունվարի 30-ին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ։
Պայմանագրի ստորագրման պահին Մբապեի կողմից ներկա է եղել նրա փաստաբանը, իսկ «Ռեալի» կողմից` ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Սանչեսը և տնտեսական հարցերով փոխնախագահ Պեդրո Խիմենեսը։
Աղբյուրի փոխանցմամբ` Մբապեն որոշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ – «Ռեալ» դիմակայությունը չի ազդի ապագայի վերաբերյալ իր ընտրության հարցում, ուստի նախօրոք ստորագրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Չնայած այն հանգամանքին, որ Կիլիանը խաղացել է «Ռեալի» դեմ՝ արդեն իսկ պայմանագիր ունենալով մադրիդյան ակումբի հետ, նա գործել է հնարավորինս պրոֆեսիոնալ։
Հաղորդվում է, որ միայն «Ռեալից» է կախված, թե պաշտոնապես կհայտարարվի այս գործարքի մասին, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է, որ դա տեղի ունենա միայն մրցաշրջանի ավարտից հետո։
Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ և «արքայական» ակումբի շարքերը կհամալրի անվճար։
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ