Աղբյուր. «Հեկտոր Կուպերի ծառայություններն առաջարկվել է ՀՖՖ-ին»
Ինչպես տեղյակ եք, Հայաստանի հավաքականն արդեն գրեթե 3 ամիս է չունի գլխավոր մարզիչ (խմբ.` Ռոման Բերեզովսկին նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար), և այս հարցը շարունակում է լինել բավական արդիական ու խնդրահարույց։
Բազմաթիվ անուններ են կապվում մեր ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում։ Հավաստի աղբյուրներից Interfootball-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային է առաջարկվել արգենտինացի աշխարհահռչակ մասնագետ Հեկտոր Կուպերի ծառայությունները։
Ցանկանում ենք նշել, որ Interfootball-ը մշտապես հետևում է այս թեմայով ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղի ունեցող տարբեր քննարկումներին ու կարող ենք փաստել, որ Կուպերը շարունակում է բավական մեծ պահանջարկ վայելել։
67-ամյա մասնագետը հայ երկրպագուների կողմից նույնպես հարգանք է վայելում և նրանցից շատերը հենց Կուպերին են ցանկանում տեսնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Նշենք, որ Հեկտոր Կուպերը հսկայական մարզչական փորձ ունի ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով։
Արգենտինացի մասնագետը մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մալյորկան» (1997-99 և 2004-06 թթ.), «Վալենսիան» (1999-01 թթ.), «Ինտերը» (2001-03 թթ.), «Բետիսը» (2007 թ.), «Պարման» (2008 թ.), Ռասինգը (2011 թ.) և այլն։
Հավաքականներից Կուպերը մարզել է Վրաստանը (2008-09 թթ.), Եգիպտոսը (2015-18 թթ.), Ուզբեկստանը (2018-19) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (2021-22 թթ.)։
«Վալենսիան» Կուպերի գլխավորությամբ 1999/00 և 2000/01 մրցաշրջաններում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Կուպերը 1998/99 («Մալյորկա») և 1999/00 («Վալենսիա) մրցաշրջաններում դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական, Հեկտոր Կուպեր, Մալյորկա, Չեմպիոնների-լիգա, Վալենսիա