Աղբյուր. Բարսեղյանը կարող է ավարտել միջազգային կարիերան
Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մտադիր է ավարտել միջազգային կարիերան ու այլևս հանդես չգալ Հայաստանի ազգային հավաքականում, սոցցանցերում գրում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։
Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրի խաղից (0:1) հետո 32-ամյա ֆուտբոլիստը հանդերձարանում որոշման հայտնել է ազգային թիմում խաղընկերներին։
Բարսեղյանի որոշումը վերջնական չէ, սակայն հավաքականում մրցելույթներն ավարտելը հավանական սցենարներից մեկն է։
Աղբյուրը հաստատում է, որ Բարսեղյանը դեռ այս ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ էր դիտարկում ավարտել միջազգային կարիերան, սակայն նրան հավաքականում պահել է գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը նաև եզրային կիսապաշտպանին ավագ է նշանակել։
Բացառված չէ, որ հավաքականի ճամբարը շուտով կլքի նաև արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Հիշեցնենք, որ Իռլանդիայի դեմ խաղում Բարսեղյանը 52-րդ րոպեին մրցակցի կիսապաշտպան Ֆին Ազազի դեմքին գլխով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել։
Իռլանդացիները, ստանալով քանակական առավելություն, 70-րդ րոպեին Էվան Ֆերգյուսոնի գոլի շնորհիվ հաղթանակ էին կորզել։
Տիգրան Բարսեղյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է գալիս 2016թ. մարտից, 64 խաղում խփել է 9 գոլ, կատարել 14 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Իռլանդիա-Հայաստան, Իռլանդիայի հավաքական, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026, Սլովան, Տիգրան-Բարսեղյան, Ֆին Ազազ