Ալուկո․ «Ցանկանում ենք գտնել սևամորթ Կլոպին և Գվարդիոլային»
«Չելսիի» և «Յուվենտուսի» կանանց ֆուտբոլային ակումբների նախկին ֆուտբոլիստուհի Էնիոլա Ալուկոն նույնպես պաշտպանել է Անգլիայում BAME համակագրի ներդրմանը, ինչը հնարավորություն է տալիս աֆրիկացի և ասիացի, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավում անգլիական ֆուտբոլում։
«Փոփոխությունները պետք է լինեն արմատական և կտրուկ։ Կարծում եմ՝ BAME-ի հարցում պետք է հստակ նպատակ ունենանք, թե քանի ներկայացուցիչ պետք է լինի սևամորթներից կամ ասիացիներից։ 30 %-ը բավարար է։ Չգիտեմ՝ այդ ամենը դուր կգա՞ ակումբների ղեկավարներին, թե՞ ոչ, սակայն սա հենց այն է, ինչ պետք է ֆուտբոլին։
Կա թյուր կարծիք, թե որևէ մեկին պետք է աշխատանք տան միայն նրա համար, որ նա սևամորթ է, սակայն դա այն չէ, ինչ մենք խնդրում ենք։ Կարծում եմ, որ կա տաղանդավոր մարդկանց խումբ, իսկ BAME-ի ներկայացուցիչներ կան տարբեր ակադեմիաներում։
Ակադեմիաների մակարդակով կարող ենք գտնել սովորականից շատ սևամորթ մարզիչների։ Սա խոսում է այն մասին, որ կա ինչ-որ անորոշ միջանկյալ պատնեշ, որտեղից չի թույլատրվում առաջ շարժվել։ Մենք ցանկանում ենք գտնել սևամորթ Յուրգեն Կլոպին և Պեպ Գվարդիոլային։ Մենք չենք գտնի նրանց, եթե չփնտրենք, եթե չհարթեցնենք փնտրտուքների ճանապարհները»,- Ալուկոյի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Նշենք, որ ԱՊԼ-ում ներկա պահին չի աշխատում որևէ սևամորթ մարզիչ։ Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը նշել էր, որ Անգլիայում սևամորթ մասնագետները ավելի քիչ հնարավորություն են ստանում, քան իրենց սպիտակամորթ գործընկերները։
# Էնիոլա Ալուկո, Յուվենտուսի կանանց թիմ, Յուրգեն-Կլոպ, Չելսիի կանանց թիմ, Պեպ Գվարդիոլա