Ատլետիկոն ապացուցում է իր չեմպիոնական բարձր ամբիցիաները 🎥
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։
Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները Վիտորիա-Գաստեյսում իսկական քննություն հանձնեցին, սակայն կարողացան պատվով դուրս գալ։
Խաղի հաշիվը բացվեց 41-րդ րոպեին․ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն` 0:1։
63-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց տանտերերի պաշտպան Վիկտոր Լագուարդիան։ Չնայած դրան՝ խաղի 84-րդ րոպեին Ֆելիպեի ինքնագոլի շնորհիվ «Ալավեսին» հաջողվեց վերականգնել խաղի հավասարությունը` 1:1։ Սակայն դա դեռ ամենը չէ։
Երբ թվում էր՝ «հնդկացիները» կարևոր միավորներ են կորցնելու, հանդիպման 90-րդ րոպեին հերոսացավ Լուիս Սուարեսը՝ պարգևելով անչափ կարևոր հաղթանակ։
Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեյի թիմը շրջանցեց Մադրիդի «Ռեալին» և վերականգնեց առաջատարի դիրքերը՝ վաստակելով 38 միավոր։ «Ատլետիկոն» համաքաղաքացիների համեմատ էլ երկու հանդիպում պակաս է անցկացրել։
«Ալավեսը» մնաց 18 միավորով և հանգրվանեց Լա լիգայի 13-րդ հորիզոնականում։
# Ալավես, Ավգուստո Ֆելիպե, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Սիմեոնե, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Մարկոս Լյորենտե, Ռեալ Մադրիդ