ՉԼ. Ալաշկերտը ծանրագույն պայքարում հաղթեց Ուելսի չեմպիոնին` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ🎥
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նոմադսի» դեմ։
Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա խաղի ողջ ընթացքում «Ալաշկերտն» ուներ բացահայտ առավելություն, սակայն որոշ դրվագներում հյուրերի դարպասապահ Օլիվեր Բյորնը հրաշքներ էր գործում։
Հյուրերը հանդիպման հիմնական ժամանակում ունեցան ընդամենը մեկ իրական գոլային պահ. 60-րդ րոպեին «Նոմադսի» կիսապաշտպան Ջորդան Դևիսը, օգտվելով Արտակ Գրիգորյանի սխալից, մեն-մենակ հայտնվեց Դավիդ Յուրչենկոյի դիմաց, սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ այդ մենապայքարում. 35-ամյա դարպասպահը փրկեց մեր թիմին։
Հանդիպման հիմնական ժամանակում այդպես էլ գոլեր չտեսանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում էլ երևանյան ակումբը շարունակում էր ճնշում գործադրել մրցակցի վրա և, ի վերջո, 113-րդ րոպեին վայրկյաններ առաջ փոխարինման դուրս եկած Վենսան Բեզեկուրը բացեց խաղի հաշիվը։
Գրիգորյանի սաները պահպանեցին հաղթական հաշիվը և հաղթեցին ընդհանուր 3:2 հաշվով։
Այսպիսով, «Ալաշկերտը» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, ԱԼեքսանդր Գրիգորյան, Կոննաս-Կի Նոմադս, Շերիֆ, Չեմպիոնների-լիգա, Վենսան Բեզեկուր