Ալաբան դեռևս չի կողմնորոշվել ապագայի հարցում․ նա կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակ ունի
«Բավարիայի» եզրային/կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբայի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ավստրիացի պաշտպանը չի կարողանում մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի հարցում համաձայնության հասնել։ 28-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին և հաջորդ տարվա հունվարից սկսած նա կարող է արդեն բանակցություններ վարել այլ ակումբների հետ և պայմանագրի ավարտից հետո անվճար հեռանալ «Բավարիայից»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Յուվենտուսը», սակայն կողմերի միջև որևէ համաձայնութուն չկա։ Բացի դրանից, հստակեցվում է, որ թուրինյան ակումբը ավստրիացի պաշտպանի տրանսֆերի հարցում չի համարվում ֆավորիտ։ Հայտնի է նաև, որ Ալաբան էլ իր հերթին դեռևս հստակ որոշում չի կայացրել իր ապագայի հարցում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վերջերս փակված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» փորձել է ձեռք բերել Ալաբային, սակայն գործարքը չի կայացել։
Նշվում է նաև, որ Ալաբայի ու «Բավարիայի» հիմնական անհամաձայնության պատճառը խաղացողի պահանջներն են, քանի որ նա ցանկանում է կնքել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով։
Ավստրիացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի համակարգում հայտնվել է 2008 թվականից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 389 հանդիպմում՝ դառնալով 31 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։
# Բավարիա, Դավիդ Ալաբա, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, տրանսֆերներ