Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Շոտլանդիային🎥
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը` Գլազգոյի «Հեմպդեն պարկ» մարզադաշտում, մրցեց Շոտլանդիայի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում շոտլանդացիներն ունեին տոտալ առավելություն և նախքան ընդմիջման գնալը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։
Նախ 28-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Էնթոնի Ռոլսթոնը, ապա 40-րդ րոպեին Սքոթ Մաքենան կրկնապատկեց Սթիվ Կլարկի թիմի առավելությունը։
Նախքան ընդմիջման գնալը Մաքենան 45+3-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականը դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Սեբաստիան Հիշամերը դրվագը քննարկեց VAR համակարգի պատասխանատուների հետ ու խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։
Ընդմիջմանը Խոակին Կապառոսը միանգամից երեք փոփոխություն կատարեց` փորձելով ակտիվացնել խաղը։
Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականի խաղը բացարձակ չէր ստացվում. արժանի է հիշատակման միայն Վահան Բիչախչյանի հեռահար հարվածը, ինչից հետո Շոտլանդիայի դարպասապահ Քրեյգ Գորդոնը որսաց գնդակը։
Խաղավերջում էլ տանտերերն սկսեցին կրկին տիրել նախաձեռնությանն ու ավելի մոտ էին հաշիվը եռապատկելուն, սակայն Ջոն Մաքգինի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ի վերջո, առաջին խաղակեսից լուսատախտակին վառվավող հաշիվն այլևս չփոխվեց. Շոտլանդիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով։
Նշենք, որ B դիվիզիոնի 1-ին խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
Իռլանդիա 0:1 Ուկրաինա
2-րդ տուրից հետո խումբը ստացավ հետևյալ տեսքը.
- Շոտլանդիա – 3 միավոր
- Ուկրաինա – 3 միավոր
- Հայաստան – 3 միավոր
- Իռլանդիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Էնթոնի Ռոլսթոն, Խոակին Կապարոս, Հայաստանի-հավաքական, Շոտլանդիա-Հայաստան, Շոտլանդիայի հավաքական, Սթիվ Կլարկ, Սքոթ Մակենա, Վահան Բիչախչյան, Քրեյգ Գորդոն