ԱԱ-2026-ից հետո ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը նոր առաջատար ունի 📸
ՖԻՖԱ-ն հուլիսի 20-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։
Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը 1995,88 միավորով բարձրացել է առաջին տեղ` նախորդ թարմացման համեմատ դիրքը բարելավելով մեկ տեղով։
Նախորդ առաջատար Արգենտինան 1970,37 միավորով այժմ երկրորդն է։ Ֆրանսիան (1948,97) և Անգլիան (1922,83) պահպանել են դիրքը` զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։
Լավագույն տասնյակում մի քանի փոփոխություն ևս տեղի է ունեցել։ Բրազիլիան բարձրացել է 5-րդ, Մարոկկոն` 6-րդ տեղ, իսկ Պորտուգալիան այժմ միայն 7-րդն է։
Բելգիան շրջանցել է Նիդերլանդներին և 8-րդ տեղում է։ Մեքսիկայի հավաքականը դիրքը բարելավել է միանգամից 4 տեղով` 2022թ. մայիսի 31-ի թարմացումից ի վեր առաջին անգամ հայտնվելով թոփ-10-ում։
Մունդիալ-2026-ի մասնակիցներից լավագույն արդյունքը գրանցել է Նորվեգիայի հավաքականը, որը 1651,29 միավորով բարձրացել է 19-րդ տեղ։ «Վիկինգները» դիրքը բարելավել են միանգամից 12 կետով։
Գանան բարձրացել է 8 տեղով և 1387 միավորով 65-րդն է։
Վատագույն արդյունքը գրանցել է Թունիսի հավաքականը` 45-ից նահանջելով 57-րդ տեղ։ Ուզբեկստանը (60) և Հորդանանը (73) կորցրել են 10-ական տեղ։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հուլիսի 20-ի թարմացումից հետո
- Իսպանիա (+1) – 1995,88 միավոր
- Արգենտինա (-1) – 1970,37
- Ֆրանսիա (=) – 1948,97
- Անգլիա (=) – 1922,83
- Բրազիլիա (+1) – 1804,92
- Մարոկկո (+1) – 1803,99
- Պորտուգալիա (-2) – 1787,85
- Բելգիա (+1) – 1778,36
- Նիդերլանդներ (-1) – 1775,54
- Մեքսիկա (+4) – 1754,30