ԱԱ-2022. Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Գանային🎥
ԱԱ-2022-ի H խմբի 1-ին տուրում Պորտուգալիան Դոհայի «974» մարզադաշտում մրցեց Գանայի ընտրանու դեմ։
Չնայած առաջին կեսում պորտուգալացիներն ունեին խաղային ու տարածքային առավելություն, միևնույն է, չկարողացան բացել հաշիվը։
Գոլազուրկ առաջին կեսից հետո Ֆերնանդու Սանթուշի թիմն էլ ավելի մեծ թափով սկսեց գրոհել երկրորդ խաղակեսի մեկնարկում ու 65-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Այդուհանդերձ, Պորտուգալիայի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ արդեն 73-րդ րոպեին «սև աստղերն» Անդրե Այուի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։
Պորտուգալացիները բավական արագ արձագանքեցին բաց թողած գոլին և երկու անգամ մրցակցին պատժեցին պաշտպանությունում թույլ տվեց սխալների համար, ինչի արդյունքում ոչ միայն կրկին առաջ անցան հաշվի մեջ, այլև այն դարձրին նաև 3:1. 78-րդ ու 81-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ժոաո Ֆելիշն ու Ռաֆայել Լեաուն։
Նշենք, որ երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Բրունո Ֆերնանդեշը։
Օտո Ադոյի սաները ոչ մի կերպ չէին ցանկանում հանձնվել և 89-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ դարձավ Օսման Բուկարին։
Խաղավերջում` 90+9-րդ րոպեին, գանացիները քիչ մնաց նաև փրկեին խաղը, սակայն Ինիակի Վիլիամսը հապաղեց նպաստավոր դիրքից և չկարողացավ օգտվել պորտուգալացիների դարպասապահ Դիոգու Կոշտայի թույլ տված կոպիտ սխալից։
Ամեն դեպքում, Պորտուգալիան հաղթեց 3:2 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անդրե Այու, Աշխարհի առաջնություն, Բրունո Ֆերնանդեշ, Գանայի հավաքական, Ժոաո Ֆելիշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մունդիալ-2022, Պորտուգալիայի հավաքական, Ռաֆայել Լեաու, Քաթար-2022, Օսման Բուկարի, Օտո Ադո