ԱԱԱ. «Չելսին» լրացուցիչ ժամանակում խոշոր հաշվով հաղթեց «Բենֆիկային»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Չելսին» մրցեց «Բենֆիկայի» դեմ։
Լոնդոնյան գրանդը հանդիպման մեկնարկից խաղային ու տարածքային առավելություն ուներ, սակայն միայն 64-րդ րոպեին թիմի ավագ Ռիս Ջեյմսի` տուգանայինից խփած հիասքանչ գոլի շնորհիվ բացեց հաշիվը։
Շարլոթում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպումը 86-րդ րոպեին ընդհատվեց և շարունակվեց մոտ 2 ժամ անց։
Վերսկսումից հետո պորտուգալական ակումբը հանդիպման վերջին գրոհի ժամանակ 11-մետրանոց վաստակեց. գնդակին մոտեցած Անխել Դի Մարիան հավասարեցրեց հաշիվն ու հանդիպումը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի մեկնարկում` «արծիվները» մնացին 10 ֆուտբոլիստներով. երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց Ջանլուկա Պրեստիանին։
«Չելսին» ստանալով քանակական առավելություն` երեք գոլ խփեց ու հաղթեց 4:1 հաշվով։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից աչքի ընկան Քրիստորֆեր Նկունկուն, Պեդրու Նետուն և Կիրնան Դյուսբերի-Հոլը։
Այսպիսով, «ազնվականները» դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 5-ին կմրցեն բրազիլական «Պալմեյրասի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 5:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից